«Արմենիան Քարդ»-ի և «Միր»-ի համատեղելիության պիլոտային նախագիծը նախատեսվում է 2017-ի ամռանը
03 Հլս 2017
Արմինֆո. Հայկական և ռուսական ազգային վճարային համակարգերի` «Արմենիան Քարդ»-ի և «Միր»-ի համատեղելիության պիլոտային նախագծի գործարկումը նախատեսվում է ամռան վերջին:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է «Արմենիան Քարդ» ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը, պարզաբանելով, որ նախատեսվող պիլոտային նախագծի շրջանակներում ամռան վերջին ազգային «ԱրՔա» քարտերը դուրս կգան Հայաստանի սահմաններից, իսկ ռուսական «Միր» քարտերը կսպասարկեն հայկական բանկերը:
«Ասեմ, որ այդ նախագիծը շատ լուրջ է և տեխնիկապես բարդ: Պետք է մեծ աշխատանք կատարվի ռեգուլյատիվ համաձայնագրի, միջհամակարգային պայմանագրերի, ստանդարտների, համակարգային պահանջների ուղղությամբ: Սա մեր երկու ազգային համակարգերի միջհամակարգային համագործակցությունն առաջին փորձն է ԱՊՀ շրջանակներում»,-ընդգծել է նա: Նրա խոսքով, սակագնային քաղաքականությունը կբխի մրցունակության պահանջներից, քանի որ, եթե դա չլինի, ապա նախագիծը ձեռնտու չի լինի ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմին, էլ չխոսեմ օգտատերերի մասին: «Առանց նախագծի տնտեսական նպատակահարմարության` խոսելն էլ է դառնում անիմաստ: Ինչպես գիտեք, տարեվերջին «Միր» քարտերը պետք է ստանան ռուսաստանյան բոլոր բյուջետայինները, իսկ դա քիչ չէ: Հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների ակնկալվող բարձր ներհոսքը, կապված ռուսաստանյան ներքին անձնագրերի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հետ, «Միր» քարտերը կդառնան իրական վճարային միջոց»,-գտնում է Ի.Մխիթարյանը:
«Շնորհիվ այն բանի, որ դա միջհամակարգային համագործակցություն է, և այն, որ մենք ազգային համակարգ ենք, գործնականում Հայաստանի քարտային ողջ ենթակառուցվածքը, որն սպասարկում է «ԱրՔա» համակարգը, կսպասարկի նաև «Միր» քարտերը: Այսինքն, բոլոր բանկերը, որոնք աշխատում են մեր պրոցեսինգային համակարգում, ավտոմատ միանում են ռուսական վճարային համակարգի սպասարկմանը: Բանկերի կողմից հատուկ ջանքեր այստեղ չեն պահանջվում»,-պարզաբանել է նա:
Ըստ Արմենիան Քարդի, Հայաստանի ազգային վճարային համակարգի մասնակիցներ են շուկայում գործող 17 բանկերից 15-ը: Մասնավորապես, մասնակից չեն հանդիսանում Մելլաթ Բանկը և Արմսվիսբանկը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանում գործող ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է`1570758 (տարեկան անկումը`9,1%, նմախորդ տարվա 6,5% աճից հետո): Այդ թվում, ազգային ԱրՔա քարտերը կազմել են` 521273 հատ (տարեկան անկումը`5%, նախորդ տարվա աճը`0,4%): Բանկոմատների ցանցում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 1432 բանկոմատ և 6971 POS- տերմինալ, որից 827-ը տեղադրված է բանկերում և դրանց մասնաճյուղերում: 2016 թվականին պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ, որից 361 մլրդ դրամը`ԱրՔա տեղական քարտերով: Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը 2016 թվականին նվազել է 2.1% (2015-ի աճը`13%), մասնավորապես ԱրՔա քարտերով գործարքները 2016-ին նվազել են0,4%, 2015-ի 4,3% աճից հետո: