Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել

10 Հնվ 2022

Արմինֆո.Վերջին 2 տարիներին, քանի դեռ մարդկության շուրջ շարունակում է մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, մենք, հիմնականում, հրաժարվել ենք մեր սովորական ապրելակերպից։

Սակայն, համաձայն "չկա չարիք առանց բարիքի" սկզբունքի, համավարակը մարդկությանն ստիպեց բառացիորեն թռիչք կատարել դեպի ապագա, դեպի նոր թվային իրականության վիճակ ՝ այդ ուղին կրճատելով առնվազն մեկ տասնյակ տարով։ Գրեթե այդպես է տեղի ունենում նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Նա, ով նախկինում չի կարողացել եւ չի շտապել տիրապետել նոր տեխնոլոգիաներին, այսօր, համավարակի սկսվելուց գրեթե 2 տարի անց, արդեն դժվարությամբ է պատկերացնում իր առօրյա կյանքն առանց բանկային քարտի, բանկային հավելվածի, ինտերնետային վճարումների, մի խոսքով՝ առանց գործնական վիրտուալ իրականության:

Կոմունալ ծառայությունների վճարում, ապրանքների գնում ինտերնետում եւ շատ այլ բաներ մեզ համար դառնում են սովորական եւ ամենօրյա գործ: Այս իրողության քիչ թե շատ հաջող իրականացման նախապատրաստումը մեզ մոտ՝ Հայաստանում, ընթացել է երկար տարիներ, և այդ աշխատանքի նավարկուղում էր դեռևս 2000 թվականին ստեղծված Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը, որը մշտապես տեխնիկապես նորացվել և կատարելագործվել է, կարծես, հատուկ նախապատրաստել է մեզ նոր հանգամանքներին։ Այն մասին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել "վիրտուալ ֆինանսների" ոլորտում, մասնավորապես, քարտային շուկայում և անկանխիկ վճարումների ոլորտում, ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբանը խնդրել է պատմել Armenian Card-ի ղեկավար Իշխան Մխիթարյանին:

- Պարոն Մխիթարյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի քարտային շուկայում անկանխիկ գործառնությունների ծավալներն էապես աճել են: Եթե մինչեւ համավարակը դրանք տարեկան աճել են 20-25 տոկոսով, ապա 2020 եւ 2021 թվականներին աճի տեմպերն ավելացել են մինչեւ 50-60 եւ ավելի տոկոս: Եթե նախկինում մարդիկ, որպես կանոն, կանխիկացնում էին քարտային հաշիվների միջոցները, և կանխիկացման մասնաբաժինը կազմում էր գործառնությունների ընդհանուր ծավալի մինչև 90 տոկոս, այդպիսով նախընտրելով վճարել կանխիկով, ապա այսօր այն նվազել է մինչև 65 տոկոս։ Դա էական առաջընթաց է։ Դուք պատրա՞ստ էիք նման կտրուկ տեղաշարժերի շուկայում:

- Դուք գիտեք, անկախ համավարակից, ընդհանուր առմամբ, մենք նախապատրաստվում էինք շուկայի նման աճի։ Վաղ թե ուշ, բայց մեր երկիրը նույնպես ստիպված էր լինելու անցնել այդ ճանապարհը, եւ մենք, ու ոչ միայն մենք՝ Armenian Card-ում, այլեւ մեր բանկերը՝ համակարգի անդամները, լրջորեն են մոտեցել անկանխիկ վճարումների իրենց ենթակառուցվածքների զարգացմանը, ստեղծել են իրենց բջջային վճարային հավելվածները, անընդհատ զարգացրել են դրանք, ավելացրել վիրտուալ վճարային ծառայությունների ցանկը այնպես, որպեսզի հաճախորդները ստանային ավելի ու ավելի մեծ թվով ծառայություններ և իրենց հաշիվների հետ աշխատելու հնարավորություններ՝առանց բանկ այցելելու: Armenian Card ազգային վճարային համակարգը համավարակի ճգնաժամը դիմավորեց արդեն նորացված համակարգով, այդ թվում՝ նորացված ArCa հավելվածով:

Սակայն վճարումների ոլորտը տեղում կանգնած չէ, համաշխարհային միտումը շարժվում է պլաստիկ քարտերից բջջային ինտերնետի եւ բջջային գաջեթների անքարտ տեխնոլոգիաների անցման ուղղությամբ՝ որպես վճարման միջոց:

Ըստ էության, քարտը բանկային հաշիվ մուտք գործելու գործիք է, եւ դրա օգտագործման գրեթե 60 տարիների ընթացքում մշտապես կատարելագործվել են դրա անվտանգության մակարդակի, ինչպես նաեւ օգտագործման արագության ու հարմարավետության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաները: Այդ ճանապարհին քարտերը փուլեր են անցել՝ սկսած ստվարաթղթե, էմբոսացված պլաստիկից, մագնիսական շերտից մինչև միկրոպրոցեսորային քարտեր, սկզբում հպումով, հետո անհպում ։ Զարգացել են ենթակառուցվածքը, վճարման եղանակները, տեխնոլոգիաները, սակայն, ընդսմին, այդ ամենը "քարտային էկոհամակարգում"։ Սակայն, տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցնում է սովորական սխեմաների աստիճանական փոխակերպման: Վճարումների ոլորտը, կարելի է ասել, ֆինանսական տեխնոլոգիաների առաջատարներից է։ Եվ եթե վերջին տասնամյակում հիմնական նորարարություններն առանձնապես չեն առնչվել վճարումների բուն սխեմաներին ու գործիքներին և, գլխավորապես, ուղղված են եղել ինտերֆեյսային լուծումների կատարելագործմանը, ապա վերջին տարիներին նկատվել են նոր միտումներ, որոնք կարելի է միավորել "թվային փոխակերպում" հասկացության ներքո։ Այս գործընթացը, ինչպես Դուք նկատեցիք, Հայաստանում բավականին առաջ մղեց համավարակը, և հիմա վճարային ինդուստրիան ակտիվորեն անցնում է դրա միջով։

Բանկային քարտն աստիճանաբար դիրքերը փոխանցում է նոր գործիքներին։ Եվ եթե հիմա փոխանցումը տեղի է ունենում պլաստիկի մակարդակում, որը "անցնում է" հեռախոսին կամ այլ դյուրակիր գաջեթներին, ձեւավորելով նոր հաճախորդների փորձ, ապա ժամանակի ընթացքում վճարային քարտ բուն հասկացությունը տեղը կզիջի հավելվածին միացված բանկային հաշվին:

Ընդհանուր առմամբ, վճարման գործընթացը դարձել է ավելի աննկատ, ներկառուցվելով այլ ծառայություններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ. որպես հետեւանք՝ մեծանում է վճարային շուկայի բոլոր մասնակիցների անկար փոխգործակցության եւ գործառնական համատեղելիության (interoperability) պահանջմունքը: Ըստ էության, համացանցային որոնողական համակարգում տեղեկատվության, ապրանքի, ծառայության պարզ որոնումը հավանականության բարձր աստիճանով ավարտվում է գնումով եւ այստեղ, եւ հաստատվում է վերն ասվածը:

"Արմենիան Քարդը" բանկերի հետ համատեղ այժմ աշխատում է հաճախորդների նոր փորձի ձևավորման ուղղությամբ. ներդնելով նոր ծառայություններ՝ մենք աստիճանաբար օգտատերերին սովորեցնում ենք բջջային հավելվածներին և վճարումներին հեռախոսների օգնությամբ և միջոցով:

Գործարկվում են հեռախոսից վճարման ծառայություններ՝ առանց ֆիզիկական կետերում շփման, ներդրվել է բանկոմատներում միջոցների կանխիկացման գործառույթ՝ առանց քարտերի օգտագործման, դարձյալ բջջային հավելվածի օգնությամբ: Տեխնոլոգիան ենթադրում է բջջային հավելվածում կոդի գեներացում եւ բանկոմատից գումարի դուրս բերում այդ կոդի միջոցով՝ SMS-ի միջոցով հաստատմամբ։ Ամենամոտ ժամանակներս կսկսեն աշխատել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կոնտակտներով փոխանցումները (նույնականացնողի դերում, քարտի համարի փոխարեն, հանդես է գալիս հաճախորդի կողմից բանկին փոխանցված հեռախոսահամարը), եւ ոչ միայն մեր հավելվածում, այլեւ բանկերի բջջային հավելվածներից: Այժմ ArCa - ն բանկերի հետ ակտիվորեն թեստավորում է այդ տեխնոլոգիան։ Ակտիվ աշխատանք է ընթանում է QR կոդերով վճարումների ներդրման ուղղությամբ։

- Կարծում եք, որ բանկերի հաճախորդները պատրա՞ստ են նման արագ փոփոխվող իրադարձություններին:

- Կարծում եմ՝ այո։ Հաճախորդների փորձի փոխակերպումը, որը հիմնված է օգտագործողի եւ ավտոմատացված համակարգերի միջեւ փոխգործակցության համակարգի վրա, տվյալ դեպքում, ինտերնետային հավելվածների վրա, իմ խորին համոզմամբ, կանցնի սահուն եւ արդյունավետ: Ընթացիկ բանկային հաշիվների տերերն աստիճանաբար կսկսեն սովորել աշխատել բջջային հավելվածներում, նոր գործառնություններին։ 2022 թվականին նախատեսվում է արագ փոխանցումների/վճարումների նոր ծառայության գործարկում: Ծառայությունը թույլ կտա միջոցներ փոխանցել հաշիվների միջեւ՝ դրանց ակնթարթային ընդունմամբ, անմիջապես բջջային հավելվածներից, օգտագործելով պարզ իդենտիֆիկատորներ: Եթե պարզ ասենք, ապա բավական է իմանալ ծառայություն ստանալու համար գրանցված անձի հեռախոսահամարը՝ նրան գումար փոխանցելու համար: Անհրաժեշտություն չկա իմանալու ու լրացնելու ոչ հաշվի համարը, ոչ էլ բանկը, որտեղ այն վարվում է, ոչ մի երկար վճարում: Ի տարբերություն վճարման հանձնարարականներով փոխանցումների՝ փոխանցումն ստացողի հաշվին ընդունվում է ակնթարթորեն, այլ ոչ թե օրվա ընթացքում կամ հաջորդ օրը, կախված այն բանից, թե որ ժամին է կատարվում փոխանցումը: Հետագայում դրանք կլինեն մանրածախ վճարումներ, պետական ծառայությունների դիմաց եւ շատ այլ վճարումներ՝ անմիջապես բջջային հավելվածներից եւ դրանց կցված հաշիվներից։ Մասնակիցների միջև բոլոր փոխանցումները կընթանան ArCa պրոցեսինգային կենտրոնի միջոցով՝ ռիսկերի կառավարման գործող մեխանիզմների, լիմիտների և քլիրինգի կիրառմամբ: Մասնակիցների միջեւ վերջնական հաշվարկները, ArCa-ում հաշվարկված դիրքերի հիման վրա, կիրականացվեն Կենտրոնական բանկում, որը հաշվարկային բանկ է: Սպասարկման մասնակից կարող են դառնալ բոլոր բանկերը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք պրոցեսինգ են իրականացնում ArCa հարթակում կամ ունեն իրենց պրոցեսինգային կենտրոնը: Նախատեսվում է նաեւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնակցություն սպասարկմանը:

Առաջիկայում Կենտրոնական բանկը նախատեսում է հաստատել ազգային վճարային QR ծածկագրի ստանդարտները: Այս նախագծի շրջանակներում մենք կգործարկենք QR ծածկագրերով վճարումների նոր ծառայություն և այն կներդնենք մեր համակարգերում։ QR-ը կօգտագործվի նաեւ անկանխիկ վճարումների կազմակերպման համար այն վայրերում, որտեղ, օրինակ, վճարային POS-տերմինալ տեղադրելը թանկ է եւ ոչ ռացիոնալ: Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր օրենքի համաձայն, ոչ մի կետ իրավունք չունի մերժել հաճախորդին անկանխիկ վճարում կատարելու հարցում, մենք դրանով իսկ ստեղծում ենք մատչելի այլընտրանք քարտին: Եվ դա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերը շատ բարձր տեմպերով աշխատում են իրենց բջջային հավելվածների զարգացման ուղղությամբ, իսկ QR-ով վճարումների համար բավական է ունենալ ֆոտոխցիկով եւ ինտերնետով ամենապարզ սմարթֆոն:

Բոլոր այդ գործառնությունները, որոնց մասին ես պատմեցի, մեր քաղաքացիներին թույլ կտան սահուն կերպով անցնել իրենց ճանապարհը քարտայինից դեպի բջջային վճարումներ։

- Բայց ինձ թվում է, որ մենք դեռ մինչեւ վերջ չենք յուրացրել բանկային քարտերով աշխատելու առավելությունները: Համենայնդեպս, ամենեւին ոչ բոլոր, նույնիսկ, խոշոր ընկերություններն են պատրաստ ծառայություն տրամադրել բանկային քարտերով: Օրինակ, եթե բենզալցակայաններն արդեն վաղուց դրանք տրամադրում են, ապա Հայաստանում ոչ մի գազալցակայան (ԱԳԼՃԿ) բանկային քարտ չի ընդունում։ Եվ դա այն դեպքում, որ արդեն գրեթե բոլոր խանութները, այդ թվում, այսպես կոչված, «անկյունի հետեւի» ձեւաչափի պարենային խանութներն ակտիվորեն ապրանքի առեւտուր են անում POS-տերմինալների միջոցով: Ըստ երեւույթին, մեղմ ասած, կասկածելի ինչ-որ հանգամանքով պայմանավորված "սերը" կանխիկ շրջանառության հանդեպ փակում է բոլոր մյուս օգուտները:

- Չեմ կարող ասել կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների փոխարեն, և՝ թե ինչ շարժառիթներ ունեն նրանք, բայց ես շուկային հետևում եմ թվերի միջոցով։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ցույց են տալիս, որ անկանխիկ վճարումների ոլորտում ներգրավվածության աստիճանն աճում է։ Այսպես, օրինակ, վերջին 2 տարում ինտերնետի միջավայրում մինչև 2 հազար դրամ գումարի գործարքների քանակը գրեթե 55% է, իսկ ֆիզիկական միջավայրում՝ մոտ 38%։ Այսինքն, քարտապանները պատրաստ են ոչ միայն քարտերով խոշոր գնումների, այլեւ արդեն սկսել են զանգվածաբար դրանցով վճարել առօրյա մանր ծախսերը: Օրինակ, տաքսիով ուղեւորությունը, սուրճի գնումը, արագ սննդի եւ այլ մանր առօրյա ծախսերը: Դա վկայում է այն մասին, որ օգտատերերը պատրաստ են անցնել անկանխիկ վճարումների նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ եղանակների։

Կարծում եմ, որ անկանխիկ վճարումների մասին նոր օրենքը նույնպես կնպաստի անկանխիկ վճարումների տարածմանը։

- Թեեւ ոմանք քննադատում են օրենքը, հավանաբար, նրանք, ովքեր սովոր են "հաշվել եւ կորցնել" կանխիկ դրամը որպես "ինչ-որ բան ինչ-որ տեղ դուրս գրելու" հնարավորություն, բայց այդ փաստաթուղթը կարելի է, հավանաբար, յուրօրինակ ձեռքբերում համարել երկրի օրինաստեղծման պատմության մեջ, քանի որ կանխիկ շրջանառության սահմանափակման մասին օրինագծի առաջին տարբերակից անցել է առնվազն 15 տարի: Երբ խոսք էր գնում օրենքի ընդունման մասին, որոշ "գորշ հաշվարկների" լոբբիստներ որպես հիմնավորում վկայակոչում էին քարտային վճարումների դեպքում բարձր միջնորդավճարները, որոնք բարձրացնում են առեւտրի ծախսերը կամ բարձրացնում ծառայությունների արժեքը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր ընկերության և մեր բանկերի կողմից՝ "բանկերին խեղդում են միջնորդավճարները" պարադիգմից դուրս գալու համար։

- Ես ամենեւին համաձայն չեմ նման հարցադրմանը։ Այն ամենը, ինչ վերաբերում է միջնորդական վարձատրությանը, այսպես կոչված, առեւտրային զիջումներին (դրամական գումար, որն առեւտրի ձեռնարկությունը վճարում է էքվայեր բանկին՝ ապրանքի կամ ծառայության իրացման ժամանակ քարտի կիրառմամբ գործառնությունների գծով հաշվարկների դիմաց - խմբ.), ապա այս թեման, իմ կարծիքով, պարզապես, շահարկվում է: Չէ որ այդ միջնորդական վարձատրության առյուծի բաժինը գնում է բանկի ծախսերի ծածկմանը՝ կապված քարտերի թողարկման և սպասարկման հետ. տերմինալները, շուկայի այդ ողջ թանկարժեք ենթակառուցվածքը, որը սպասարկում է քարտերը, մասնակցությունը վճարային համակարգերին, անձնակազմի ծախսերը, մենեջմենթի ռիսկը, անվտանգությունը, մարքեթինգը և, ի վերջո, տեխնոլոգիական զարգացումը՝ նույնպես ծախսեր է։ Ընդհանրապես, վճարային էկոհամակարգը՝ դա խոսակցության առանձին թեմա է: Ես դրա մասին մանրամասն խոսել եմ հոդվածում, որը դուք հրապարակել եք մի երկու տարի առաջ:

Շուկայի պատկերին, իմ խորին համոզմամբ, պետք է նայել ավելի լայն, մասշտաբային։ Օրինակ, հիմա պարզեցված հարկի ռեժիմով աշխատում են այն սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը, այսինքն, ամսական մոտ 10 մլն դրամը։ Ենթադրենք, ձեռնարկատերն ունի շրջանառության 15% մարժա (ինչը, կարծում եմ, իրատեսական չէ), հարկերի վճարումից (5%), վարձակալության դիմաց եւ այլ պարտադիր վճարումներից հետո որպես զուտ եկամուտ մնում է ոչ այնքան մեծ գումար: Իսկ չէ որ ձեռնարկատերը պետք է ոչ միայն ապահովի իր ընտանիքը արժանապատիվ եկամուտով, այլև՝ ունենա զարգացման համար միջոցներ։ Եվ նա սկսում է ելքեր փնտրել, տնտեսել, այդ թվում՝ նոր տեխնոլոգիական ծառայություններից հրաժարվելու հաշվին։ Իմ կարծիքով, հրաժարումը տեղի է ունենում ոչ այնքան առեւտրային զիջման չափի (1.2-2%՝ կախված վճարային համակարգից), որքան այն պատճառով, որ քարտով գործառնությունը ֆիքսում է իրական շրջանառությունը, որը ոչ մի դեպքում չպետք է անցնի 115 մլն շեմը, այլապես, ստիպված կլինեն աշխատել ԱԱՀ-ով: Ահա եւ ստիպված են իրենց պատասխանատվությամբ "հարմարեցնել", երբեմն չտրամադրել կտրոններ, հրաժարվել բանկային քարտերով աշխատանքից:

Ինչ վերաբերում է պարադիգմից դուրս բերման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապա հիմնական նախաձեռնություններն առաջիկա ժամանակահատվածում ուղղված են ArCa ազգային վճարային համակարգի ապրանքների գրավչության բարձրացմանը՝ դրանց տեխնոլոգիական մակարդակը միջազգային վճարային համակարգերի ապրանքներին հասցնելու ճանապարրրհով: Ավարտվել են ArCa ոչ կոնտակտային քարտերի թողարկման և սպասարկման ապահովման աշխատանքները: Բանկերն սկսել են մագնիսական շերտով եւ կոնտակտային չիպով հին քարտերի փոխարինման գործընթացը: Լիակատար անցումը նախատեսված է մինչեւ 2024 թվականի վերջը։ Մեկնարկում են Armenian Card ազգային վճարային համակարգի EMV 3DS 2.0 դոմեյնի ստեղծման աշխատանքները, որը կապահովի ինտերնետում ArCa քարտերով անվտանգ վճարումներ Հայաստանի բոլոր բանկերի համար, անկախ այն հանգամանքից, թե որ հարթակում են դրանք պրոցեսինգ անցնում: Աշխատանքներ են տարվում ArCa քարտերով (առնվազն Android օպերացիոն համակարգով) թոքենիզացված վճարումների (բջջային հեռախոսով վճարում) կատարման հնարավորություն ապահովելու ուղղությամբ: Ինչպե՞ս է դա կապված միջնորդական վարձատրության հետ։ Ազգային վճարային համակարգի քարտերով գործառնությունները բանկերի համար ավելի էժան են, համապատասխանաբար, ավելի ցածր է առեւտրային զիջման չափը, միեւնույն ժամանակ, ավելի ճկուն են փոխգործակցության սխեմաները:

- Վերջերս մեր գործակալությունը էքսպրես-հարցում է անցկացրել եւ հանգել է եզրակացության, որ բանկային հավելվածների օգտատերերի ճնշող մեծամասնությունը դրանցով իրականացնում են ամենապարզ գործառնություններ, ինչպիսիք են կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, հեռախոսային հաշիվների համալրումը: Դրանց հետեւում են տուգանքների, վարչական տույժերի վճարումները, հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամարի փոխանցումները: Մարդիկ հազվադեպ են հավելվածների միջոցով հարկեր վճարում, եւ ավելի հազվադեպ՝ վարկեր վերցնում: Այսինքն, վերջին գործառույթը, որը կախված է բանկերի աշխատանքից, այնքան էլ ակտիվ չէ: Ինչու՞, ի՞նչ եք կարծում: Միթե՞ մենք դեռ չենք բարեկամացել ալգորիթմների հետ, որոնք կարող են բարձրացնել հավելվածների ֆունկցիոնալությունը։

- Հաճախորդների առցանց փոխադրումը բավականին աշխատատար գործընթաց է, եւ, կարելի է ասել, ստեղծագործական: Այստեղ լիովին առաջին պլան են գնում հաճախ օգտագործվող user experience (հաճախորդի փորձ) եւ user interface (UI, օգտատիրոջ ինթերֆեյս) հասկացությունները: Հավելվածի օգտագործման պարզությունը (արագությունը), հարմարավետությունն ու ներըմբռնողականությունը հիմնական արժեքներն են հաճախորդների համար, մինչդեռ, լուծումների ֆունկցիոնալությունը, անվտանգությունը, տեխնոլոգիականությունը արժեքներ են, որոնց համար պատասխանատու է բանկը:

Մենք աստիճանաբար մոտենում ենք այն փուլին, երբ բանկային ծառայությունների մատակարարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ըստ վարկերի կամ ավանդների տոկոսադրույքների, այլ ըստ հավելվածների օգտագործման հարմարավետության եւ "ֆունկցիոնալ համալրման": Այն մատակարարը, որը կապահովի "արժեքների" առավել ամբողջական հավաքակազմ, կլինի առավել պահանջված: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աստիճանաբար գալիս է բաց բանքինգի դարաշրջանը, երբ բանկային հաշվի եւ դրանով գործառնությունների հասանելիությունը բացվում է API-ի միջոցով ֆինանսական ծառայությունների պրովայդերների համար, օգտատերերի համար մրցակցություն կարող է լինել արդեն ոչ միայն բանկերի շրջանում: Ընդ որում, փոխվում է բանկային գործունեության բուն փիլիսոփայությունը՝ որպես այդպիսին. հաճախորդները ցանկանում են բավարարել այս կամ այն կենսական պահանջմունքը՝ ձեռք բերել կամ թարմացնել տունը/բնակարանը, ավտոմեքենան, հեռախոսը եւ այլն, իսկ վարկ ստանալը, վճարելու հնարավորությունը պետք է լինի այդ գործընթացում ներկառուցված օղակ: Էկոհամակարգ, գործառնական համատեղելիություն (interoperability), անկար փոխգործակցություն հասկացությունները դառնում են բանկային գործունեության անբաժանելի մաս: Մրցակցությունն անցնում է որակապես այլ մակարդակի. մրցակցում են ոչ թե ապրանքները, այլ գործընթացները։ Հաջողության կհասնեն առաջինները, ով կհասկանա, կկազմակերպի և կվերակառուցի իր գործունեությունը՝ համապատասխան նոր իրողությանը։

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար և հաջողություններ նոր տարում:

 

Սկզբնաղբյուր՝ https://finport.am/full_news.php?id=45321&lang=1