Վարդան Խաչատրյանն՝ Armenian Card-ի տնօրեն
26 Հլս 2024
Armenian Card-ն ունի նոր գործադիր տնօրեն։
ArCa-ն տեղեկացնում է, որ հունիսի 11-ին նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ օրս ընկերությունում զբաղեցնում էր Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը: Նշենք, որ մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Մխիթարյանը։ Վարդան Խաչատրյանը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների հարուստ փորձ: Աշխատելով շուրջ 15 տարի Կենտրոնական բանկում՝ նա զբաղեցրել է Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժնի պետի, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժնի պետի, Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայության կոորդինատորի, Ֆինանսական վերահսկողության վարչությունում Վարկային ռիսկի գծով մասնագիտացած վերահսկողի և մի շարք այլ պաշտոններ…
Կարևորելով մասնագիտական աճն ու զարգացումը՝ Վարդան Խաչատրյանը վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և այլ երկրների կենտրոնական բանկերում և ոլորտի առաջատար ընկերություններում:
Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը նշել է.«ArCa-ն Հայաստանի համար ունի կարևորագույն ստրատեգիկ նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը»։
ArCa-ում նաև նշանակվել են վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։
Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն․ հաճախորդների և 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների կատարման գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպություները։